ՔՊ-ի առաջնորդը փաստացի բաց պայքար է սկսել իր գլխավոր մրցակցի՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ:
Իր մյուս մրցակցին՝ հայ ժողովրդին, նա թերևս հաղթել է՝ հաշվի առնելով վերջինիս տոտալ իներտությունն ու տոլերանտության բարձր մակարդակն անգամ ամենազազրելի երևույթների նկատմամբ: Չենք բացառում, իհարկե, որ այդ հաղթանակը կրում է ժամանակավոր բնույթ, սակայն դա խոսակցության այլ թեմա է:
Կարող ենք նաև երկար խոսել այն մասին, թե արտաքին դերակատարներից ում է ձեռնտու այս լկտի արշավը: Նույնքան երկար կարող ենք խոսել Հայաստանում աղանդավորականության ազդեցության աննախադեպ աճի մասին:
Դիտարկելով հարցը քաղաքական մշակույթի ու գաղափարախոսական հարացույցերի տրամաբանության մեջ, հստակ կարող ենք ասել, որ Հայաստանի քաղաքական իշխանությունը չունի որևէ գաղափարական հենք կամ աշխարհայացքային համակարգ:
Նրա վարած քաղաքականության մեջ բացակայում է նույնիսկ նվազագույն համապատասխանությունը այն գաղափարական ուղղություններին, որոնցով նա փորձում է արդարացնել իր գործողությունները, ավելի ճիշտ՝ անթիվ ձախողումները:
Այսպես, ՔՊ-ի առաջնորդը հանդես է գալիս «ազատությունների», «արդիականացման», «վերափոխման» լիբերալ դիրքերից, սակայն իր քայլերով ակնհայտորեն հակասում է լիբերալ սկզբունքներին:
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ բացահայտ արշավը, որն ուղեկցվում է կեղտոտ բառամթերքով ու վարկաբեկման համակարգված փորձերով, հակասում է դասական լիբերալիզմի հիմնարար սկզբունքներից մեկին՝ եկեղեցու և պետության տարանջատմանը: Սա դասագրքային ճշմարտություն է, որը հասկանալու համար սկզբի համար կարելի է անդրադառնալ լիբերալ տեսության հիմնադիրներից մեկի՝ Ջոն Լոքի «A Letter Concerning Toleration» (1689 թ.) աշխատությանը:
Եթե լիբերալ ես, եղիր լիբերալ մինչև վերջ:
Գուցե այդ ժամանակ քեզ ընկալեն ինչպես իրական քաղաքական ակտորի: Թե ներսում, թե դրսում:
Վահե ԴԱՎԹՅԱՆ